Մենք չունենք Սահմանադրությանը համապատասխան ՍԴ. Փաշինյանը՝ հանրաքվեի անհրաժեշտության մասին

Armenpress 12:38, 10 Մարտ, 2020

ՄԵՂՐԻ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում չկա Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մեղրի քաղաքում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի  քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի տարբերություն նախկինի, երբ ՍԴ անդամը պաշտոնավարում էր ցմահ, հիմա ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը դարձվել է 12 տարի։ Ի տարբերություն նախկինի՝ ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ Սահմանադրական դատարանը՝ ՍԴ դատավորների մեջից։ ՍԴ նախագահի պաշտոնավարումը սահմանվում է 6 տարի, նախկին ցմահի փոխարեն։ Այս մոդելը ձևակերպվեց ՀՀ սահմանադրության մեջ, և այս Սահմանադրությունն այս պահին 100%-ով ուժի մեջ է։ Մենք ունենք Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց չունենք այդ նկարագրությանը համապատասխան Սահմանադրական դատարան»,- ասաց Փաշինյանը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի իրականացումն ունի մի քանի պատճառ, և յուրաքանչյուր քաղաքացու ապագայի հարցն է որոշվելու այդ հանրաքվեով։ «Նոր սահմանադրության կարգի համաձայն այժմ գործում են միայն Սահմանադրական դատարանի 2 դատավոր, մյուս 7 դատավորները պաշտոնավարում են ցմահ։ Այս հանգամանքով պայմանավորված՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնեց սահմանադրական հանրաքվե՝ այս իրավիճակը իրավական առումով շտկելու համար։ Կան նաև կասկածներ, որ այդ 7 դատավորները անկախ ու անկաշկանդ չեն և գտնվում են անձերի ու խմբերի ազդեցության տակ։ Սա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ապագայի հարցն է, որովհետև յուրաքանչյուրս այս կամ այն կերպ առնչվում ենք դատարաններին»,- ասաց Մակունցը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներն և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am