Նա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի է. Փաշինյանն անդրադարձել է բուկլետը պատռելու միջադեպին

Armenpress 23:39, 6 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոյում քարոզչության ժամանակ երիտասարդ աղջկա կողմից բուկլետը պատռելու միջադեպը համարում է  «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, և նա ապրում է ու ապրելու է ազատ Հայաստանում։
«Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։ 
Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով»,- գրել է վարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ էր բաժանել քաղաքացիներին: Այդ ընթացքում երիտասարդ մի աղջիկ բուկլետը պատռել էր, բաժանել մասերի ու նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Փաշինյանը դրան հանգիստ է արձագանքել, ընգծելով, որ ժողովրդավարությունը հենց դրա համար է, ապա շարունակում քարոզարշավը:
ՀՀ վարչապետի հետ էին նաև նրա դուստրերը՝ Մարիամը և Շուշանիկը, ովքեր ծաղիկներ էին նվիրում կանանց: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am