Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Armenpress 16:40, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում վերջերս նախագահական նստավայրում ռուսական ռոմանսի երեկոյի կազմակերպման համար, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 75-ամյակին: Խոսվել է նաև Հաղթանակի 75-ամյակի առիթով համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունների մասին:

Անդրադարձ է կատարվել նաև գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am