Աղավնատուն գյուղում տղամարդու ուղղությամբ ինքնաձիգից կրակած անձը ձերբակալվել է

Armenpress 12:23, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության մարտի 5-ին ժամը 02:40-ին Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 36-ամյա տղամարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ նույն օրը ժամը 02:15-ի սահմաններում անհայտ անձը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել տղամարդու և նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով տղամարդը ստացել է մարմնական վնասվածք: Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակողի ինքնությունը: Աղավնատուն գյուղի 34-ամյա բնակիչը, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս, Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am