Կներդրվեն հեռավար կրթության մեխանիզմներ

Armenpress 10:50, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել հեռավար կրթության իրականացման մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Սահմանվում է, որ հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է: Եթե դիցուկ երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվում, և տվյալ տեղի համար դիմորդներ չեն լինում կամ մրցույթը չի կայանում, կարող են իրականացնել հեռավար կրթություն, սակայն կարգ է սահմանվում, թե դա ինչ ժամկետով կարող է լինել, և թե հաջորդ մրցույթը երբ կարող է հայտարարվել:

Սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում:  Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:

Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:

Նախագծերի փաթեթը ստացավ 117 կողմ ձայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am