Հունաստանի վարչապետը Թուրքիային անվանել է միգրանտների պաշտոնական մաքսանենգ

Armenpress 20:49, 3 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ միգրանտներն ու փախստականները չպետք է ինչ-որ մեկի աշխարհաքաղաքական խաղերի գործիք դառնան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը նշել է Թուրքիայի ցամաքային սահմանի մոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի կառավարությանը:

«Այս կառավարությունն այլ քաղաքականություն է վարում սահմանների պաշտպանության նկատմամբ։ Մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկում, որ միգրանտներն ու փախստականները չեն կարող օգտագործվել որպես աշխարհաքաղաքական խաղերի գործիք։ Նրանք իսկական զոհեր են նման քաղաքականության մեջ։ Սա մոտեցում է, որը չի կարելի ընդունելի համարել»,- նշել է Միցոտակիսը:

Նա հավելել է, որ հազարավոր անօրինական միգրանտներ, որոնք Թուրքիայի կողմից ուղարկվում են հունական սահման, ասիմետրիկ սպառնալիք են ներկայացնում Հունաստանի անվտանգության համար:

«Թուրքիան հազարավոր մարդկանց ուղարկում է սահման, որպեսզի հասնի իր պահանջների բավարարմանը։ Նա նրանց օգտագործում է որպես աշխարհաքաղաքական լծակ սեփական նպատակների համար։ Ցավոք, Թուրքիան դարձել է միգրանտների պաշտոնական մաքսանենգ»,- ասել է Հունաստանի վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am