Հուշարձանների պահպանում և ամրակայում. Երևանում մեկնարկել են ՌՕՔԵՄՓ 2020 դասընթացները
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմամշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման վերաբերյալ նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու նպատակով Բելգիայից, Վրաստանից, Եգիպտոսից և Հայաստանից ոլորտի ավելի քան քսան մասնագետ Երևանում մասնակցում է մասնագիտական դասընթացների, որոնք մեկնարկել են փետրվարի 17-ից և շարունակվելու են մինչև հունիս:
Դասընթացները իրականացվում են ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության շրջանակում՝ Բոլոնիայի համալսարանի կողմից: Մշակութային ժառանգության ոլորտի համագործակցությունը Հայաստանի և Իտալիայի միջև երկար տարիների հետագիծ ունի։ Տարբեր ժամանակներում իրականացված նախագծերից նշանավոր է 2011-2014թթ. ՃՇՀԱՀ-ի և Միլանի պոլիտեխնիկական համալսարանի միջև եղած պատմական ճարտարապետական ժառանգության ամրակայման և վերականգնման մասնագետների վերապատրաստման ծրագիրը։
Մասնագետների գնահատմամբ՝ ծրագրի դրական արդյունքները հիմք հանդիսացան նոր ծրագրերի իրականացման համար։ Հաջորդ նշանավոր համագործակցությունը եղավ 2019թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բոլոնիայի Ալմա Մաթեր համալսարանի միջև կնքված համաձայնագրի հիման վրա ստեղծված ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը, որը մեր երկրի մշակութային ժառանգության ոլորտում ունի խորհրդատվական դեր։
Վերապատրաստման ինտենսիվ դասընթացի մասնագետները ճարտարապետներ, հնագետներ, արվեստաբաններ, թանգարանագետներ, զբոսաշրջության բնագավառի փորձագետներ են, որոնց դասընթացների ընթացքում փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռնվում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բոլոնիայի համալսարանի դասախոս, ճարտարապետ Ալեսիա Ձամպինին, որը Իտալիայից Հայաստան է ժամանել իր գիտելիքները դասընթացի մասնակիցներին հաղորդելու համար, ասաց, որ դասընթացը ներառում է տեսական և գործնական կրթական միջոցառումներ և բաղկացած է դասախոսություններից, անհատական ուսուցումից, լաբորատոր գործնական պարապմունքներից։ Դաշտային աշխատանքները կիրականացվեն մայիս-հունիս ամիսներին։
«ՌՕՔԵՄՓ-ի շրջանակում իրականացվող կրթական ծրագիրը բաղկացած է չորս բաժնից: Առաջին երկուսը վերաբերում են ճարտարապետական հուշարձանների պահպանմանը: Իմ առաքելությունը տեսական էքսկուրս կատարելն ու հուշարձանների պահպանության վերաբերյալ գիտելիքներ հաղորդելն է: Այլ մասնագետներն անդրադառնալու են որմնանկարների վերականգնմանը, հուշարձանների հետ կապված խնդիրների ախտորոշմանը, չափագրմանը»,-ներկայացրեց նա:
Մասնագետի կարծիքով՝ մշակութային ժառանգության պահպանման գործում մեծ դերակատարություն ունի ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը: «Իտալիայում այս կամ այն հուշարձանի վերականգնման վերաբերյալ որոշումներն ընդունում են մասնագետները, բայց մարդիկ ներգրավվում են այդ գործընթացներում, և նրանց իրազեկում են, թե որ քայլը ինչ նպատակով է արվում, և թե ինչ մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել հուշարձաններին»,-պատմեց Ձամպինին:
Դասընթացի մասնակից Սոֆիա Ջանաշվիլին, որը եկել է Վրաստանից, նշեց, որ հուշարձանների վերականգնումն ու պահպանությունն իր մասնագիտությունն է, և դասընթացները գիտելիքները հարստացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն են տալիս:
«Այստեղ հետաքրքիր մասնագետների հետ եմ ծանոթացել: Որոշ չափով ճանաչեցի հայկական մշակույթը` այցելելով թանգարաններ, պատմամշակութային հուշարձաններ: Զվարթնոցն ու Երերույքի տաճարն ինձ համար բացահայտում էին»,-խոստովանեց Ջանաշվիլին:
Մեկ այլ մասնակից Յան Մոյեայերտը, որը Բելգիայից է Հայաստան եկել և արդեն երկու տարի ապրում է մեր երկրում, քանի որ ամուսնացել է հայուհու հետ, ընդգծեց, որ իրապես հետաքրքրված է հայկական մշակութային ժառանգության պահպանմամբ:
«Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց մասնակցում եմ դասընթացին, որովհետև հետագայում կարող եմ գիտելիքներս ծառայեցնել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Ըստ իս` հայերը յուրահատուկ մշակույթ ունեն»,-շեշտեց նա և ընդգծեց, որ իրեն շատ են դուր գալիս Զվարթնոցի տաճարը և Սաղմոսավանքը, որտեղ պսակադրվել է:
ՃՇՀԱՀ-ի հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ ճարտարապետ Մարինա Բունիաթյանն էլ ընդգծեց, որ դասընթացը բազմաթիվ ասպարեզներ է ընդգրկում, և համալսարանը պետք է ընտրի ճարտարապետությանը վերաբերող բոլոր հետաքրքիր առարկաները, որոնք հետագայում հնարավոր է ներառել ՃՇՀԱՀ-ի ուսումնական ծրագրերում՝ նպատակ ունենալով զարգացնել վերականգնող ճարտարապետի մասնագիտացումը։
ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնը գործում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բոլոնիայի համալսարան՝ Ալմա մաթեր ստուդիորումի միջև կնքված համաձայնագրի հիման վրա և Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ։ Կենտրոնը ՀՀ-ում մշակութային ժառանգությանը վերաբերող գործունեության խորհրդատվական մարմին է, որը գործում է հինգ թեմատիկ ոլորտներում՝ կառավարում, վերապատրաստում, չափորոշիչների սահմանում, հաղորդակցության կազմակերպում, տարածաշրջանային մասնագիտական ցանցի ստեղծում: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են գիտական և կրթական բնույթի միջոցառումներ, մշակվելու են մասնագիտական ուղեցույցներ և այլն: Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրում ներգրավված են մշակութային ժառանգության բնագավառի հայ և այլազգի ճարտարապետներ, հնագետներ, արվեստաբաններ, թանգարանագետներ, զբոսաշրջության բնագավառի փորձագետներ, որոնք կենտրոնի կողմից իրականացվող դասընթացների, սեմինարների, կլոր սեղանների և գիտաժողովների միջոցով կունենան մասնագիտական փորձի փոխանակում և մասնագիտական կարողությունների զարգացում։
Անժելա Համբարձումյան