Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են միջխորհրդարանական ակտիվ երկխոսության կարևորությունը

Armenpress 17:23, 3 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարոն Թալակվաձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ վարչապետի այս այցը ազդակ կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նա բարձր է գնահատել խորհրդարանականների միջև ձևավորված գործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում: Վրաստանի խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է տեղի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և հավելել, որ այն հանդսիանում է հայ-վրացական միջպետական կապերի խթանման ամուր կամուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է պատգամավորների միջև սերտ գործակցությանը կարևորությունը` ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների սերտ հարաբերություններն իրենց կարևոր ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը կարող են գտնել փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։

Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել նաև Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am