Արցախում կձևավորվի ՓՀԷԿ-երի բնապահպանական խնդրով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբ

Armenpress 20:25, 28 Փետրվար, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 28-ին ընդունել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնաժողովի աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս, որի ընթացքում ուսումնասիրվել են ինչպես Շահումյանի, այնպես էլ Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանները, դրանց հնարավոր բնապահպանական ազդեցության աստիճանը, նախագծման և կառուցման համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին: Իրականացված ուսումնասիրությունները, հետազոտություններն ու արդյունքները ամրագրվել են միասնական փաստաթղթում: Հադիպմանը մասնագիտական հանձնաժողովի անդամներն առանձին–առանձին իրենց տեսակետներն են հայտնել բնապահպանական ու հիդրոէներգետիկ ոլորտներում հետագա աշխատանքների իրականացման շուրջ:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է հանձնաժողովի  գործունեությունը, որի շնորհիվ ստացվել են ոլորտի կարգավորմանն ուղղված հիմնավորված առաջարկություններ, վերհանվել խնդիրներ ու դրանց լուծման ուղիները, որոնք կարող են և պետք է հիմք հանդիսանան ոլորտի հետագա բարելավման համար:

«Հաշվի առնելով հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության լայնածավալ լինելը, ոլորտը կարգավորելուն ու բարելավելուն ուղղված առաջարկությունների գլոբալ բնույթը և նշանակությունը, գտնում եմ անհրաժեշտ ստեղծել աշխատանքային խումբ՝ բաղկացած շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից, որը համապարփակ քննարկելով հանձնաժողովի եզրակացությունը, պետք է մշակի դրանում ներառված թերությունները վերացնելուն և առաջարկությունները կյանքի կոչելուն ուղղված գործողությունների պլան, ինչպես նաև մշակի ու ներկայացնի փոփոխման ենթակա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ցանկը: Գերագույն նպատակը մեկն է՝ ոլորտի համապարփակ կարգավորում և բարելավում, բնապահպանություն-տնտեսություն հավասարակշիռ և ներդաշնակ զարգացում», - իր խոսքում նշել է պետական նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am