ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելը ՀՀ-ում էներգետիկայի զարգացման առաջնահերթություններից է

Armenpress 14:25, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է երկարաձգել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նունե Ալեքսանյանը:

«Եթե 2026 թ. հետո ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի ատոմակայանի անվտանգ շահագործումը, կառավարությունը նախատեսում է ևս տասը տարով երկարացնել շահագործումը՝ մինչև 2036 թվականը»,-նշեց ՏԿԵՆ ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի պաշտոնակատարը:

Ալեքսանյանն ընդգծեց, որ ատոմակայանի շահագործումը երկարաձգելը կառավարության առաջնահերթություններից է, մինչդեռ կառավարության նպատակներից է նոր բլոկի կառուցումը:

«Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավորինս երկարաձգելու տարբերակը համարվում է համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականը, իսկ նոր բլոկի կառուցումը կառավարության նպատակներից է: Նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՀ-ն չունի բնական գազի և նավթի պաշարներ, էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը պահելու և ամրապնդելու համար նոր կայան ունենալը անհրաժեշտություն ենք համարում»,- ասաց Ալեքսանյանը և հավելեց, որ այժմ մշակման փուլում է Հայաստանում էներգետիկայի զարգացման մինչև 2040 թվականի ռազմավարությունը:

Նրա խոսքով՝ նոր կայանը հնարավորություն կտա պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով հուսալի և անվտանգ էներգամատակարարում իրականացնել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am