Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու գործով 2019-ին կայացվել է 4803 որոշում

Armenpress 13:05, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019-ին կայացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտման 1 մլն 959 հազար 170 որոշում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

«2019-ին ՃՈ-ի կողմից իրականացվել են ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումներ: Կայացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտման 1 մլն 959 հազար 170 որոշում, որից 1 մլն 531 հազար 170-ը՝ տեխնիկական միջոցներով, իսկ 428 հազարը ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերված իրավախախտումների գործերով: Տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների գործերով նվազ նշանակություն ունեցող խախտում կատարելու համար նախազգուշացվել է 298 հազար 645 անձ: Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու գործով կայացվել է 4803 որոշում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 14 հազար 807 տրանսպորտային միջոց, որից 9405-ը՝ Երևանում »,-ասաց Կարապետյանը:

Այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով կայացվել է 112 հազար 732 որոշում, սահմանային անցակետերում ծանուցվել է 16 հազար 706 անձ: Կարապետյանը հիշեցրեց, որ նախագծվել, մշակվել և շահագործման է հանձնվել ճանապարհային ոստիկանության  ծառայության առցանց հարթակը, և տուգանային միավորների հաշվարկման էլեկտրոնային համակարգը, որի միջոցով հնարավոր է  ծանոթանալ վարչական տույժ նշանակելու մասին վարորդների նկատմամբ կայացված որոշումներին, հետևել տուգանային միավորների մնացորդներին, կցել շահագործող վարորդ իրենց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am