... Մարդիկ, ովքեր իրենց օրակարգը ձևավորել են ըստ ստացվող «մաղարիչների» թվի. վարչապետ

Armenpress 13:00, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն անհանգստացնում է գործարարությամբ զբաղվելու ցուցիչը։

Վարչապետի խոսքով՝ պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը պետք է լինի բժշկական՝ չխանգարել ու, որտեղ հնարավոր է, օգնել։

«Այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ այդ նույն աշխատասենյակներում նստած, իրենց գլոբալ կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող «մաղարիչների» թվի և այլնի։ Այդ մարդիկ շատ չարացած են այսօր ներկաների վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա չարացած են։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց աշխատասենյակ, ամբողջ չարությունը պարպում են այդ մարդկանց վրա։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, պետք է այդ մարդկանց գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետք չէ սպասել, որպեսզի դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել, պատմել, աղաղակել։

Վարչապետը հիշեցրեց՝ իրենք ասել են, որ չեն եկել գերանդին վերցնեն ու հնձեն, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անեն: «Ես ասում եմ՝ հերիք է, այդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է», - նկատեց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am