Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն

Armenpress 16:04, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը մեկ այլ դատական գործով նիստ ունի: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 26-ին ժամը 15:00-ին:

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝  Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am