Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն

Armenpress 13:00, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզում 2020 թվականին մեծ շուքով կնշվի ծիրանի փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսում ենք մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել: Աշնանն էլ կնշենք բերքի տոնը» ,-նշեց Արարատի մարզպետը։

Անդրադառնալով մարզի հյուրատների և հյուրանոցների ոլորտին՝ մարզպետը շեշտեց, որ այս պահին մարզում չկան հյուրանոցներ:

«Զբոսաշրջիկները հիմնականում մեր մարզում չեն գիշերում, քանի որ Երևանին շատ մոտ ենք գտնվում, նրանք հանգրվանում են հենց այնտեղի հյուրանոցներում: Մեր մարզում կանգառ են կատարում միայն Խոր Վիրապում և Նորավանքում»,- նկատեց Սարգսյանը։

Նրա խոսքով, այստեղ խնդիր ունեն՝ հավուր պատշաճի զբոսաշրջիկներին ներկայացնելու մարզի տուրիստական գրավչությունը՝ Դվին հնավայրը, Արտաշատ մայրաքաղաքը և այլ պատմական վայրեր։

Գարիկ Սարգսյանը հավաստիացրեց, որ մարզում առկա բոլոր խնդիրներն առաջիկա տարիներին կլուծեն, որպեսզի այդ վայրերն ավելի հասանելի լինեն զբոսաշրջիկների համար։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am