Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման վերջին կանգառը Գեղարքունիքի մարզն էր

Armenpress 12:14, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերից հանրապետության բոլոր մարզերում նախաձեռնել է տեղեկատվական արշավ, որի նպատակն է համայնքապետերին և ֆերմերներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցերի շրջանակում փետրվարի 25-ին գյուղոլորտի պատասխանատուները եղել են Գեղարքունիքի մարզում, որտեղ հանդիպում է կազմակերպվել համայնքապետերի և գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ:  

Նախարարությունից միջոցառմանը մասնակցել են Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը:

Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ որպես գյուղատնտեսական մարզ Գեղարքունիքում մեծ կարևորություն է տրվում այս ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերին և հույս է հայտնել, որ ներկայացվող ծրագրերը կնպաստեն մարզում գյուղատնտեսության հետագա զարգացմանը:

Այնուհետև Իռա Փանոսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, առանձին անդրադարձ կատարել նախարարության նոր նախաձեռնություններին, այդ թվում` փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, փոքր և միջին ջերմատնային տնտեությունների ներդրման ծրագրերին:

Իր ելույթում Իռա Փանոսյանը տեղեկացրել է նաև գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ և հավելել, որ Գեղարքունիքի մարզի ֆերմերներին 2020 թվականի փետրվարի 5-ից հասանելի է դեղձի, խնձորի, աշնանացան գարու/ցորենի և գարնանացան գարու/ցորենի ապահովագրությունը: Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ ապահովագրության պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններում:

«Բոլոր 12 օժանդակության ծրագրերն էլ ուղղված են գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության բարձրացմանը, նպաստավոր պայմաններ են ստեղծված, որպեսզի ֆերմերները զբաղվեն գյուղատնտեսական գործունեությամբ», - ամփոփելով իր խոսքը` նշել է Իռա Փանոսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մարզերում ֆերմերների հետ հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկներն ու խնդիրները կվերլուծվեն և հաշվի կառնվեն նոր ծրագրերի մշակման ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am