Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է  հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Armenpress 20:09, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին փետրվարի 25-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան ԼըՔլերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն աշխատանքներ տանել երկկողմ քաղաքական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերին, այդ թվում` միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ՀՀ ժողովրդավարական գործընթացներին Կանադայի աջակցությանը և տնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումների ու փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am