ՀՀ ՊՆ-ն հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին

Armenpress 14:08, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ Ադրբեջանն այդ հեքիաթը հորինել է սեփական հանրության համար:

«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին՝ հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Հովհաննիսյանը:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Հովհաննիսյանն ընդգծում է, որ ՀՀ զինված ուժերը զոհ չունեն, թեև ավելի վաղ հայտարարվել էր մեկ վիրավորի մասին: Վիրավորումը թեթև է, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: 

Ադրբեջանը միջադեպը հայկական կողմից «դիվերսիայի փորձ» է որակել՝ հայտարարելով մեկ զոհի մասին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am