Մակունցը վստահեցնում է՝ «Այո»-ի քարոզարշավը լինելու է ակտիվ

Armenpress 15:32, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանության նպատակն է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար իրականացնել այնպիսի քարոզարշավ, որ կարողանան քաղաքացիներին համոզել՝ ճիշտ է գնալ ընտրատեղամաս և այնտեղ դիրքորոշում հայտնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այս պահին ոչ թե հանրային քարոզարշավ է իրականացվում, այլ հիմնականում մարզերում և համայնքներում նախապատրաստական և հանդիպումների տեսքով աշխատանքներ: Մեր քաղաքական թիմի նպատակն է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որով կկարողանանք համոզել քաղաքացիներին, որ ճիշտ է գնալ ընտրատեղամաս և այնտեղ դիրքորոշում հայտնել»,-ասաց Մակունցն ու վստահեցրեց՝ քարոզարշավը լինելու է ակտիվ:

Նա նշեց՝ հույս ունեն, որ իրենց ակտիվ քարոզարշավը կանդրադառնա նաև քաղաքացիների մասնակցության ակտիվության վրա: Քարոզարշավի անցկացման վերաբերյալ այլ մանրամասներ նա չհաղորդեց, հորդորեց սպասել «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսին:

Հարցին, թե արդյոք վարչապետը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, Մակունցն ասաց՝ ակտիվ ներգրավված լինելու է, սակայն կրկին հորդորեց սպասել Սուրեն Պապիկյանի ասուլիսին:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում  է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին գրանցել է նաև «Ոչ» քարոզչության կողմը, որի լիազոր ներկայացուցիչն է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: ԿԸՀ-ն քաղաքացիական նախաձեռնության կարգով ստացել է «Ոչ» քարոզչական կողմի դիմումը 61 քաղաքացու ստորագրությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am