Կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը

Armenpress 18:00, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական նախաձեռնությամբ` պետական ծրագրով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար, նվիրված 2019 թվականի հոկտեմբերի 25-ին հրդեհի հետևանքով զոհված Գուգարքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, կադրերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք: Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել էր Արիության մեդալով:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am