Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը. Թուրքիայի ԱԳՆ

Armenpress 11:21, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում:

«Կողմերն աշխատում են գագաթնաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթնաժողովի ամսաթվի մասին»,-ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նախօրյակին ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել Է, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am