Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն աճել է. Ամերիկայի հայկական համագումար

Armenpress 10:01, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ, փաստաբան Էնթոնի Բարսամյանը:

Նրա խոսքով, եթե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները նշանավորվեցին Միացյալ Նահանգների կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին շուրջ 60 միլիոն դոլարի ամերիկյան օգնության հատկացման հանգամանքներով, ապա այս տարի հեռանկարներն ավելի լայն են:

Էնթոնի Բարսամյանի խոսքով, Հայաստանի առաջընթացը նկատում են նաեւ Միացյալ Նահանգների ղեկավար շրջաններում:

«Նկատելի է Հայաստանի նոր ժողովրդավարությանն աջակցելու գործում ամերիկյան կողմի հետաքրքրվածությունը, որպես մի երկրի, որն օր օրի այս ուղղությամբ առաջընթաց է գրանցում: Որպես ամերիկահայ, ես ավելին եմ ակնկալում իմ կառավարությունից եւ ԱՄՆ-ի իշխանության հետ հանդիպումներին ընդգծում եմ՝ այժմ օգնելու Հայաստանին իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնելուն լավագույն ժամանակն է»,-նշել է նա:

Էնթոնի Բարսամյանի խոսքով, թեև Ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակվելու է մինչեւ այս ողբերգական իրողության ճանաչումը նաեւ ԱՄՆ-ի նախագահի կողմից, ինչպես 1980-ականներին դա արեց Ռոնալդ Ռեյգանը, այդուհանդերձ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում պետք է ավելի զգալի դեր խաղան առեւտրատնտեսական եւ ներդրումային հեռանկարները: Հենց այս հարցերի առաջխաղացմամբ պետք է զբաղվեն արտերկրում բնակվող հայերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am