Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին

Armenpress 20:32, 18 Փետրվար, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և, ըստ այդմ, գործնական դաշտն ընդլայնելու հնարավորությունները:

Երկուստեք կարևորվել են նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային մասնագետների փոխայցելությունները, ինչը հնարավորություն կընձեռի ապահովելու տեխնոլոգիական, ռազմաարդյունաբերության, ինժեներական կրթության ոլորտներում և ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերում Արցախի երիտասարդների ներկայացվածությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային փոխգործակցությունը նոր հարթություն տեղափոխելու ուղղությամբ՝ որպես առաջին քայլ նշելով խնդիրները գույքագրելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am