Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ

Armenpress 10:06, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքին ներգրավելով Հայաստանի բիզնես միջավայրին. ահա այս նպատակով Մոսկվա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Մասնակիցներին նախևառաջ ներկայացվեց գրասենյակի գործունեությունը, առաջնահերթությունները, սփյուռքի հետ աշխատանքի օրակարգային հարցերը: Որպես կարևոր ուղղություններ՝ Զարեհ Սինանյանն առանձնացրեց հայաստանյան կյանքին սփյուռքի առավելագույն ներգրավումը, ենթակառուցվածքների զարգացումն ու խոչընդոտների վերացումը, զանգվածային հայրենադարձության իրագործումը, սփյուռքի և Հայաստանի միջև փոխվստահության վերականգնումը:

Այնուհետ ակումբի հիմնադիր Նվեր Սարգսյանը ներկայացրեց 2020 թվականի գլխավոր անելիքները՝ հիմնականում շեշտադրելով Հայաստանում ներդրումային ծրագրերի հնարավորություններն ու հեռանկարները: Պայմանավորածություն ձեռք բերվեց այս տարվա ապրիլին կայանալիք «Armenian Business Networking» միջոցառումն իրականացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ: Հանձնակատարին ներկայացվեց նաև «Cilicia Tun» օֆլայն հաղորդակցության հարթակի ստեղծման գաղափարը, որը Հայաստանում կդառնա սփյուռքից ժամանած գործարարների հանդիպումների և փորձի փոխանակման վայր: Ակումբը գործարկելու է էլեկտրոնային հարթակ ևս, որտեղ օգտատերերը կարող են ներբեռնել իրենց տվյալները, գործունեության ոլորտները, ծանոթանալ միմյանց հետ և համատեղ աշխատել:

Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց գործարարներին Հայաստանի բիզնես միջավայրի հանդեպ նման հետաքրքրվածության համար և գործակցության ու աջակցության պատրաստակամություն հայտնեց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am