ԱԺ պատգամավորները հանրաքվեի «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չեն ներկայացրել

Armenpress 19:04, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ դիմում չի ներկայացվել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել  Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու նպատակով:

Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել  2020 թվականի փետրվարի 18-ից: Դիմումը կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00:

Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:

Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են` ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am