Հայաստանում քրդական համայնքը բողոքի երթ իրականացրեց՝ նվիրված Օջալանի բանտարկության 20-ամյակին

Armenpress 15:08, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քրդական համայնքը Երևանում կազմակերպել է բողոքի երթ՝ նվիրված Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 20-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քրդերը քայլերթ իրականացրին Հյուսիսային պողոտայից մինչև Շահումյան հրապարակ՝ փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել նաև միջազգային ատյաններում:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բողոքի երթի ընթացքում հնչում էին «Թուրքիան տեռորիստ է» և «Մենք հոգով քեզ հետ ենք, Օջալան» վանկարկումները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը նշեց, որ իրենք դատապարտում են Թուրքիայի իշխանությունների բարբարոսական գործողությունները քուրդ ժողովրդի նկատմամբ:

«20 տարի առաջ որոշ գերտերությունների և պետությունների դավադրության արդյունքում քուրդ ժողովրդի առաջնորդ՝ Աբդուլլահ Օջալանին բռնեցին և հանձնեցին թուրքական իշխանությանը: Նրանք Օջալանին դատապարտեցին մահապատժի, սակայն քուրդ ժողովրդի ազդեցության տակ դատավճիռը փոխեցին ցմահ բանտարկության: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, գերտերություններին զսպել Թուրքիայի իշխանություններին, միջոցառումներ ձեռնարկել նմանատիպ գործողություններին վերջ տալու համար»,- ասաց Հասանովը:    

Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am