Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Armenpress 14:07, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին:

Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am