ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի հետ

Armenpress 21:16, 13 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելուն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն առաջմղելու գործում: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմնական շահառուն մարդիկ են՝ նախարար Մնացականյանը մեծապես կարևորեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին:

Մտքերի փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am