ՀՀ-ում Սիրիայի դեսպանն այսօրվա ահաբեկիչներին համարում է Հայոց ցեղասպանությունն իրագործածների հետնորդ

Armenpress 17:16, 13 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն այսօր Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին համարում է հայերի և մյուս ժողովուրդների նկատմամբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանությունն իրագործածների հետնորդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը հայտնեց փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօր ահաբեկչական խմբավորումները, որոնք սարսափելի արարքներ են իրականացնում Սիրիայի ժողովրդի նկատմամբ, թոռներն են նրանց, որոնք ժամանակին ցեղասպանություն իրագործեցին հայերի և մյուսների դեմ: Հայերը, երբ Հայոց ցեղասպանության ժամանակ հասան Սիրիա, կազմեցին սիրիական հասարակության անքակտելի մասը, նրանք իրենց կյանքն այնտեղ ապահով շարունակեցին՝ պահպանելով իրենք ինքնությունը, կրոնը, սովորելով հայկական դպրոցներում: Բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք հավերժացնում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, դրանցից ամենակարևորն են Դեր զորում Հայոց ցեղասպանության զոհերի եկեղեցին, Հալեպում 40 մանկանց եկեղեցին, ինչպես նաև Դամասկոսում Հայոց զոհերի հրապարակը: Այս տարի Սիրիայի դպրոցական դասագրքերում ներառվեցին Հայոց ցեղասպանության մասին նյութեր»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը, դեսպանը նշեց, որ Սիրիան միշտ է հիշատակել հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակը:

«Այս հարցն ուսումնասիրվել է երկար ժամանակ առաջ, և Սիրիայի կառավարությունն ամենայն հարգանքով է վերաբերվել այն սիրիացիներին, ովքեր հայկական արմատներ ունեն: Նրանք միշտ եղել են սիրիական հասարակության անքակտելի մասը: Հայոց ջարդերը միշտ հիշատակվել են Սիրիայում՝ այն միջոցառումների միջոցով, որոնք տեղի են ունեցել հայաբնակ շրջաններում»,- նշեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am