Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Armenpress 16:52, 13 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցությունը ակտիվորեն զարգանում է և կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը:

Դեսպան Թրեյսին ասել է, որ իրենք կարևորում են ՀՀ կառավարության հետ սերտորեն գործակցելու հնարավորությունները՝ հասանելի ժողովրդավարական հաստատությունների կայացման ու համընդհանուր բարեկեցության մեծացման հարցերում աջակցելու ընդհանուր հանձնառության համատեքստում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականին: Քննարկվել են հանրային կառավարման, արդարադատության, գործարար միջավայրի բարելավման ու թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշվող բարեփոխումները:

ՀՀ փոխվարչապետը ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, հատկապես արհեստական բանականության, 5G տեխնոլոգիայի, կիբեռանվտանգության ուղղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am