Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Armenpress 16:45, 11 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական  փոխգործակցության զարգացումը:

 ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկել է  Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ տարվա ընթացքում գումարվելիք հերթական նիստում ընդունել հուշագիր՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ ամյակին: «Դա մեր ընդհանուր պատմությունն է, դա մեր ընդհանուր հաղթանակն է»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:

Կարեւորելով Վահե Էնֆիաջյանի առաջարկը՝  Իգոր Նազարուկը բարձր է գնահատել հայերի նշանակալի ներդրումը ֆաշիզմից Բելառուսի ազատագրման գործում: Նա տեղեկացրել է, որ անցած  տարի լույս է տեսել «Հայ մարտիկները պատերազմի տարիներին Բելառուսի համար պայքարում» անվանումը կրող  գիրքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես փոխշահավետ է համարվել առեւտրատնտեսական կապերի զարգացումը:

Դեսպանի խոսքով՝ 2019թ-ին Բելառուսից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144%-ով: Ավելացել է նաեւ Հայաստանից Բելառուս արտահանման  ցուցանիշը: Ըստ նրա՝ եթե 2018թ-ին երկու երկրների միջեւ ապրանքնաշրջանառության ծավալը  եղել է 50.1 մլն դոլար, ապա 2019թ.-ին այն արդեն կազմել է  73 մլն դոլար:

Դեսպանը  պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am