Կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով. նախարարություն

Armenpress 18:29, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Արտյոմ Սմբատյանն այցելել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց` տեղում հասկանալու նոր կորոնավիրուսի թեստերի շուրջ քաղաքացիների կողմից բարձրացված դժգոհությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջիններս շրջայց են կատարել հիվանդանոցում և խոսել պացիենտների հետ: Շատերի դժգոհության պատճառն այն է, որ ցանկանում են նոր կորոնավիրուսի թեստերով հետազոտվել, սակայն այն նախատեսված է բացառապես վարակին բնորոշ, որոշակի ախտանշաններով պայմանավորված պացիենտների հետազոտության համար: Մասնագետները պարզաբանել են, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Բարեբախտաբար, թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

«Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և հիմք ընդունել մասնագիտական մոտեցումները:

Կորոնավիրուսներն առաջացնում են սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություններ, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ և Ծանր սուր շնչառական համախտանիշ։ Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է:

Ինչպես պաշտպանվել.

Խուսափել հարբուխով կամ գրիպանման երևույթներով անձանց հետ շփումից, հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով, հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, եթե գտնվում եք Չինաստանում, ապա մի այցելեք կենդանական շուկաներ, եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա է տենդ, հազ, դժվարացած շնչառություն, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին,

Աշխատանշաններ.

տենդ, հազ, դժվարացած շնչառություն, թուլություն:

Վարակի փոխանցում.

օդակաթիլային՝ հազալիս և փռշտալիս, կոնտակտային»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am