Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա

Armenpress 14:09, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների վարքագծին, ովքեր չէին ներկայացել նախորդ դատական նիստին: Նրանք չէին ներկայացել դատական նիստին, քանի որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին հնչեցվել են սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին: Դանիբեկյանը լսեց պաշտպանների պատճառաբանությունը, ինչից հետո որոշում կայացրեց Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառել դատական սանկցիա:

«Պաշտպանի դատավարական պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին և իրականացնել պաշտպանյալների շահերի պաշտպանությունը: Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը: Դատարանն արձանագրում է, որ պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն, քանի որ պաշտպանների դիրքորոշումներից ակնհայտ է, որ առկա չէր դատարան չներկայանալու պատճառ: Դատարանն արձանագրում է, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի, Արամ Օրբելյանի, Հայկ Ալումյանի, Ռոբերտ Սահակյանի, Արամ Վարդեվանյանի, Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի կողմից չարամտորեն չեն իրականացվել իրենց դատավարական պարտականությունները, ինչն արտահայտվել է սույն թվականի հունվարի 21-ին դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալով, ինչի հետևանքով խոչընդոտվել է գործի քննության բնականոն ընթացքը: Այդ պատճառաբանությամբ դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշեց կիրառել դատական սանկցիա` նկատողության տեսքով»,- ասաց Դանիբեկյանը:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am