Գյումրու ավտոպարկը թարմացվեց բազմաֆունկցիոնալ մեքենաներով

Armenpress 16:42, 1 Փետրվար, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավտոպարկը թարմացվեց 4 բազմաֆունկցիոնալ մեքենաներով և 7 աղբատար մեքենայով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11-ը  փետրվարի 1-ին Գյումրիում էին: Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդեր»-ը և կառավարության հետ համատեղ իրականացված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչը Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի:

Եվս երկու մեքենա՝ փոշեկուլ և էքսկավատոր-ամբարձիչ, առկա մեքենայական պարկը կհամալրեն առաջիկա օրերին: Քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ  ճեպազրույցում նշեց, որ դրանք ավելի արդյունավետ կդարձնեն կոմունալ ծառայության աշխատանքը: «Եղածը արդեն շատ հին տեխնիկա էր, իսկ այս նոր մեքենաներով  մեխանիզացված ավելի արդյունավետ ու արագ կկազմակերպվի մաքրման աշխատանքները»,- ասաց նա:

Արմենուհի Մխոյան

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am