Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել

Armenpress 13:45, 29 Հունվար, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել: Ձիարշավարանը գործում է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում՝ Հունոտի կիրճի տարածքում, և բաց է ոչ միայն արհեստավարժների, այլև սկսնակների համար: Ձիասպորտի ակումբի տնօրեն Բագրատ Միքայելյանն ասել է, որ ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ձիասպորտն Արցախում:

«Բացի երկուշաբթի օրվանից, յուրաքանչյուր օր մեր քաղաքացիները կարող են այցելել ձիարշավարան: Անշուշտ, եթե ոչ բոլորը, ապա շատերը երազում են ձի վարել, և սա հնարավորություն է ավելի լավ ծանոթանալու կենդանու հետ: Փորձառու հրահանգիչի օգնությամբ նրանք կարող են վարել ձի և ձեռք բերել նոր հմտություններ: Մեր հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա, ինչը ավելի ոգևորիչ է դարձնում աշխատանքը»,- նշել է Բ. Միքայելյանը:

Նրա խոսքով՝ ձիարշավարանում կան տարբեր ձիատեսակներ: Մոտ ապագայում մեծ ուշադրություն է դարձվելու նաև արցախյան ձիատեսակների ձեռքբերմանը: Նախատեսվում է ձիարշավարանը համալրել այնպիսի ցեղատեսակներով, որոնք կօգնեն դժվար տեղանքներում և պայմաններում կողմնորոշվելիս:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am