Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Armenpress 21:35, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիան քաղաքում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տոնական միջոցառումները մեկնարկել են Սիսիանի հրապարակում հետախուզական վաշտի ցուցադրական վարժանքներով և զորամասի անձնակազմի հանդիսավոր երթով: Այնուհետև փոխվարչապետն այցելել է Զոհված ազատամարտիկների զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Տոնական միջոցառումների շրջանակներում Մհեր Գրիգորյանը դիտել է ռազմական տեխնիկայի, զենքի և զինամթերքի ցուցադրությունը և Սիսիանի մշակույթի տանը ներկա գտնվել տոնի առթիվ կազմակերպված համերգին, որի մեկնարկից առաջ հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է. «Հարգելի հայրենակիցներ, Ինձ համար պատիվ է այսօր շնորհավորել Հայոց Բանակի 28-րդ տարեդարձը և մասնավորապես անել դա Սիսիանում: Հայոց բանակի տարեդարձը բոլորիս համար կարևորագույն արժեքների՝ հայրենիքի, անկախության, անվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման օրն է: Հայոց բանակը մեր հպարտությունն է, պետականության կարևոր հիմնասյուներից մեկը: Դա է պատճառը, որ Կառավարությունը ջանք չի խնայում բանակում բարեփոխումներ իրականացնելու և զինվորների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ: Արդիական զինատեսակների ձեռքբերումը, ինչպես նաև ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում են պայմաններ մեր զինծառայողների համար ժամանակակից միտումներին համահունչ և համարժեք քայլերի իրականացումն ապահովելու ուղղությամբ: Մենք կարևորում ենք Հայոց բանակի արդիականացման հարցում մարդկային ռեսուրսի ներգրավումը, քանի որ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման տեմպերը ուղղակիորեն կապված են մարդկային ներուժի բացահայտման հետ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայոց բանակի զինվորներին ու սպաներին իրենց առաքելությունը պատշաճ կերպով իրականացնելու համար: Չենք կարող այս օրը չհիշել ու հարգանքի տուրք չմատուցել նաև բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը: Իհարկե, մեր բանակն ունի մարտական բարձր պատրաստվածություն, բայց ինչն է եղել ու մնում մեր բանակում որպես մնայուն արժեք՝ մեր զինվորների նվիրվածությունը և մարտական ոգին: Դա է թույլ տալիս Հայաստանին վստահ քայլել առաջ՝ լավ իմանալով, որ մեր թիկունքը պահում է Հայոց հզոր բանակը: Թող խաղաղությունը լինի հարատև և կայուն մեր երկրում: Հայոց բանակին մաղթում եմ ամուր ոգի, իսկ հայ զինվորին՝ բարի ծառայություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am