Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Armenpress 17:34, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի հայ ժողովուրդն ամուր պահի հավատը բանակի նկատմամբ:

«Ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին: Մեր բանակը փառապանծ, հաղթական բանակ է: Մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը` պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը: Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է»,- ասել է Սարգսյանը:

Պանթեոն են այցելել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության մի խումբ անդամներ:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am