Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով

Armenpress 14:47, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արսեն Թորոսյանի ուղերձը.

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:

28 տարի առաջ ձևավորված մեր մարտունակ բանակը Հայոց անկախ պետության անվտանգության ապահովման ու պահպանման երաշխիքն է։ Պատերազմ հաղթանակած մեր Ազգային բանակը բազմիցս ցույց է տվել իր հզորությունը, անսասանությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը։

Զինվորի կողքին ծառայություն իրականացնող ռազմաբժշկական անձնակազմը մշտապես ապացուցել է իր հայրենասիրությունը, գթասիրտությունն ու հոգատարությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ սահմանների վրա գիշեր ու զօր կանգնած զինվորներին, սպաներին, ռազմական բժիշկներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են իրականացնում բանակում մաղթում եմ առողջություն, բարձր տրամադրություն և, իհարկե, խաղաղություն:

Օգտվելով առիթից ուզում եմ շեշտել, որ մարտունակ բանակ ունենալու համար կարևոր է, որ մեր երիտասարդ տղաները մինչև բանակ զորակոչվելը և բանակում ծառայության ընթացքում հետևեն իրենց առողջությանը՝ զերծ մնալով տարատեսակ վնասակար սովորություններից:

Առողջ եղե՛ք և անփորձանք վերադարձեք տուն»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am