ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ Չինաստան այցելություններից

Armenpress 21:53, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից, ՀՀ քաղաքացիերին հորդորում է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել․

«Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am