Պռոշյան գյուղում ավտոմեքենա է շրջվել. կա մեկ զոհ

Armenpress 15:18, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱԻՆ-ից, հունվարի 25-ին՝ ժամը 02:54-ին, 911 ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Գ., ծնված 1983 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածում գտնվող ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի ուղևորներ Արմինե (ծնված 1984 թ.), Հեղինե (ծնված 2011 թ.) և Մեսրոպ (ծնված 2005 թ.) Գ.-երը տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հեղինե և Մեսրոպ Գ.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ռազմիկ Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am