Գյումրու տնակների էլեկտրոնային քարտեզագրում.պետությունը պարզում է աջակցության ենթակա անձանց շրջանակը

Armenpress 15:07, 25 Հունվար, 2020

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Գյումրիի բոլոր տնակները էլեկտրոնային տարբերակով կքարտեզագրվեն, կհավաքվի տնակներից յուրաքանչյուրի պատմությունը: Հետո միայն պետությունը կհստակեցնի, թե քանիսին պետք է բնակարանի հարցում աջակցություն տրամադրի և ինչ եղանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը խոսեց Կապանում իր մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին:

Լրագրողը խնդրեց հստակեցնել, թե տնակների խնդիրը որ ծրագրով է լուծվելու՝ բնակարանաշինության և բնակարանների գնման վկայագրերի տրամադրմամբ: Նա հետաքրքրվեց, թե Գյումրիում պետությունը քանի ընտանիքի է բնակարանով ապահովելու, որ ծրագրի շրջանակում և ինչ ժամկետներում:

«Կադաստրի կոմիտեն, Ոստիկանությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն ամենօրյա ռեժիմով աշխատանք են անում: Իմ հանձնարարությունը հետևյալն է եղել՝ բոլոր տնակների հատ-հատ քարտեզագրում, էլեկտրոնային տեղորոշում և ստեղծում այդ տնակի պատմություն, թե ինչ տնակ է, այդտեղ մարդ ապրում է, թե ոչ, եթե չի ապրում, ապա որտեղ է և ինչ կարգավիճակ ունի, և եթե այդտեղ ապրում են, ապա ինչու են ապրում»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ծրագրով է լուծվելու՝ նա ասաց՝ դեռ պետք է պարզեն՝ իսկ մենք պե՞տք է բնակարանի գնման վկայագիր տանք: «Եթե պարզվի, որ այդ տնակում ապրում է մի մարդ, որը Գյումրու հարևան գյուղերից մեկում ունի տուն, և ինքը դա թողել, եկել է այդտեղ է ապրում, քանի որ ուղղակի տեսել է հնարավորություն, և եկել  այդ տնակի նախկին տիրոջը,  որը բնակարան է ստացել, մի սիմվոլիկ գումար է  տվել և այդ տանն է ապրում, ապա մենք ինչո՞ւ պետք է նրան բնակարանի գնման վկայագիր տանք: Կարող է պարզվի, որ այնտեղ ոչ մեկի նկատմամբ պետությունը պարտավորություն չունի: Ես ասում եմ, որ այս տարվա 3 մլրդ ծրագրով մենք լուծում ենք այն բոլոր քաղաքացիների հարցը, ում նկատմամբ պետությունն ունի «դե յուրե» ստանձնած պարտավորություն։ Կարող է մի մարդ պետությունից ստացել է բնակարան, հետո խաղատանը պարտվել է, տունը կորցրել է և եկել այդտեղ է ապրում: Եվ ինչու պետք է նրան բնակարան տանք»,-ասաց Փաշինյանն ու նկատեց՝ բայց կարող են լինել դեպքեր, երբ մարդիկ պետք է ստանային աջակցություն, բայց չեն ստացել:

Փաշինյանը վստահեցրեց՝ երբ այդպիսի դեպք արձանագրվի, իրենք կհաշվառեն: Նա նշեց՝ էական չէ, թե քանի դեպք է, պետությունը կտա այդ գումարը՝ պայմանով, որ նույն պահին այդ տնակը քանդվի և իրենք այդտեղից դուրս գան:

Անդրադառնալով ժամկետի վերաբերյալ հարցին՝ նա նշեց՝ ժամկետը մինչև այդ աշխատանքների ավարտն է: Վարչապետը նշեց՝ բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ կան, կան մարդիկ, որոնք հաշվառված են, սակայն երկրում չեն և այլն:

«Գյումրիի քարտեզի վրա՝ որ տնակի վրա կուրսորը բերենք, պետք է բերի պատմություն, անուն-ազգանունը, թե տնակը երբ է տեղադրվել, ինչ փաստի բերումով է տեղադրվել և պետությունը նրա նկատմամբ ինչ պարտավորություն ունի: Մենք չենք ասում, թե բոլոր այդ տնակաների մարդկանց տալու ենք բնակարան, մենք ասում ենք, որ այդ տնակները հանելու ենք այդտեղից: Այն մարդիկ, ում նկատմամբ ունենք պարտավորություն, կկատարենք, ում նկատմամբ չունենք, ուրեմն չունենք: Բայց մենք չենք կարող Գյումրիի զարգացումը կանգնեցնել»,-ասաց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am