ԱԺ-ն քննարկում է կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացման օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է երկրում կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացմանը միտված օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքեր ապահովելու, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգում» ներառված չորրորդ, այն է՝ «ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովում, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանում» նպատակի պահանջներից»,- նշված է օրենքի նախագծում:
Օրենքի ընդունմամբ հնարավոր է դառնում երկրում կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացումը, որոնք համահունչ են ժամանակակից մարտահրավերների կարգավորմանն ուղղված միջոցառումներին:
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում: