Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել

Armenpress 15:54, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու պաշտպանների բողոքը: Դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը: «Այո, Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը, բեկանվեց նրան պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը»,- նշեց Ալոյանը:

Մանուկյանն անազատության մեջ եղել է 24 տարի: Նա դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Նրան սկզբում դատապարտել էին գնդակահարության, ապա երկրում մահապատժի վերացումից հետո արդեն՝ ցմահ ազատազրկման:

2019 թվականին ազատ է արձակվել ևս երկու ցմահ դատապարտյալ՝ Վահագն Մարուքյանը՝ հիվանդության և պատժի կրման անհամատեղելիության հիմքով, իսկ Կարեն Օգանեսյանը՝ պատշաճ, դրական վարքագծի արդյունքում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am