ԱԺ-ն քննարկեց պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողության ուժեղացման նախագիծը

Armenpress 18:13, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժեղացնել պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ հունվարի 23-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նա նշեց, որ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ: «Այն թույլ կտա ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները` տրամադրվող պետական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև ապահովել թափանցիկությունը, իրականացնել մոնիտորինգ, թե ինչպիսի պետական օժանդակություն է տրամադրվում համապատասխան մարմինների կողմից և արդյոք դրանց ծառայում են իրենց նպատակին, թե ոչ»,-ասաց Սիմոնյանը:

Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am