Պատգամավորը վերահաստատեց իշխանության դիրքորոշումը` ցանկացած բռնություն անընդունելի է
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած հիմնավորմամբ անընդունելի է իրենց համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը` անդրադառնալով «Էրեբունի պլազա»-ում կրակոցների միջադեպին:
«ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ բռնությունը մեր երկրում տեղ չունի, որ բռնության ցանկացած դրսևորում` անկախ որևէ տեսակի պատճառաբանությունից, չունի որևէ տեսակ արդարացում: ՀՀ իշխանություններն ունեն պողպատյա կամք` Հայաստանում կառուցելու բռնությունից զերծ հանրություն»,-ասաց Կոնջորյանը:
Նրա խոսքով` դեպքից հետո սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում աղավաղող, սպեկուլյատիվ հայտարարություններ են տարածվել: «Պղտոր ջրում ձուկ որսացողների մի նոր խումբ սկսել է նորից մանիպուլյացիաների միջոցով խեղաթյուրել կատարվածը և կապել այս կամ այն քաղաքական գործընթացների հետ: Բոլոր այդ ջանքերն ապարդյուն են, ՀՀ իրավապահ համակարգն ամբողջությամբ բացահայտելու է կատարվածը, և որ բռնությունը մեզ համար անընդունելի է` ցանկացած հիմնավորմամբ»,-ասաց նա ու կոչ արեց վստահ լինել իրավապահ մարմինների վրա, վստահեցրեց, որ իրենք այդ գործընթացը ամբողջությամբ պահում են ուշադրության կենտրոնում:
Հունվարի 23-ին Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: