ՔԿԾ-ում քննարկվել են կալանավորների և դատապարտյալների բժշկական օգնության ու սպասարկման հարցեր

Armenpress 18:46, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչական շենքում Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ հունվարի 22-ին անցկացվել է խորհրդակցություն, որը նվիրված է եղել քրեակատարողական հիմնարկներում որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հիմքով դատապարտյալներին պատիժը կրելուց ազատելու և կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կալանավորումը որպես խափանման և հարկադրանքի միջոց վերացնելու կամ փոխելու գործընթացի կազմակերպման և դրա իրականացման ապահովման ընթացակարգերի մշակմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը, տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների գծով պետի տեղակալները, Ծառայության և Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և համապատասխան բժշկական հանձնաժողովների նախագահները և անդամները։

Բացի օրակարգային հիմնական հարցից՝ քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպմանը վերաբերող տարաբնույթ խնդիրների հետ կապված մի շարք ենթահարցեր ևս, այդ թվում` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների փոխհարաբերություններին, ազատությունից զրկված անձանց մահվան, ինքնասպանության դեպքերին, հացադուլներին առնչվող հիմնախնդիրները և այլն։

Խորհրդակցության արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի կողմից իրավասու ստորաբաժանումներին և պաշտոնատար անձանց տրվել են անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ հսկողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am