Ինքնավստահությունս վերականգնեցի Կուրսովային հաղթելուց հետո. Մարիա Գևորգյան

Armenpress 13:52, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը Հայաստանի առաջնությունում բեկումնային պահ է համարում Մարիա Կուրսովայի հետ խաղում տոնած հաղթանակը:

«Առաջին պարտիան երկկողմանի սխալներով սկսեցինք (հեղ. Մարիա Գևորգյան-Սուսաննա Գաբոյան): Ամեն տարի մեկնարկում լավ չեմ խաղում, վերջնախաղում բախտս բերում է և կարողանում եմ ոչ-ոքի ավարտել պարտիան, բայց ոչ այս տարի: Առավել ինքնավստահություն ձեռք բերեցի Մարիա Կուրսովային հաղթելուց հետո»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով մրցակիցներին Գևորգյանը շեշտեց, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ կանանց մրցաշարը ևս ուժեղ կազմ է հավաքում, և մրցակցությունն ավելի բարդ է:

Հայաստանի չեմպիոնն այս տարի կմասնակցի Համաշխարհային օլիմպիադային և պլանավորում է ուժերը փորձել Եվրոպայի անհատական առաջնությանը:

Հայաստանի շախմատի կանանց 75-րդ առաջնությունում Մարիա Գևորգյանը, 9 հնարավորից հավաքելով 8 միավոր, 4-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն: Գևորգյանը չեմպիոն էր դարձել նաև 2016, 2017 և 2019 թվականներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am