ԱԺ-ն ընդունեց հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին օրինագծերի փաթեթը

Armenpress 10:13, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հունվարի 20-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Օրենքների փաթեթը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին և դրա իրականացմանը: Հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018թ. մարտի 23-ին ընդունված օրենքներով: Այս օրենքների փաթեթով կատարվում է բարեփոխումների երկրորդ փուլը, հետագայում պետք է ներկայացվի նաև երրորդ փուլը: Մինչև բարեփոխումների ընթացքը գոյություն ունեին հանրային և այլ անուններով 17 ծառայության տեսակներ, 2018թ. փոփոխությունների արդյունքում դրանք դարձան 12-ը: Այս փոփոխություններով թվով տասներկու ծառայություններում ներդրվում են համակարգեր, որոնք միասնական մոտեցում ցույց կտան, այսինքն՝ կներդաշնակեցվեն մի շարք կանոններ:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am