Չինարենի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում ավելանում է. Մայր բուհը զարգացնում է չինագիտությունը

Armenpress 09:30, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինարեն, չինական մշակույթ ու պատմություն ուսումնասիրող հայ ուսանողներ, Չինաստանում պրակտիկաներ, դասախոսների փոխայցեր. մայր բուհը մեծապես հետաքրքրված է Հայաստանում չինագիտության զարգացմամբ: Այս մասին են վկայում Երևանի պետական համալսարանում գործող արդեն երկու՝ Չինարեն լեզվի և մշակույթի ու Չինագիտության կենտրոնները: Ուսանողների՝ չինարենի իմացության մակարդակն այնքան բարձր է, որ նրանցից մեկին հաջողվել է ազատ տիրապետել լեզվին, անգամ դասավանդել, երեկոյան դասընթացներում: Չինագիտության զարգացման մասին «Արմենպրես»-ը ներկայացնում է զրույց ԵՊՀ-ի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանի ու երեկոյան դասընթացավար Օֆելյա Զաքարյանի հետ:

«Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը մշտապես մեծ հետաքրքրություն է ունեցել համալսարանում չինարենի դասավանդման և չինագիտության զարգացման ուղղությամբ: Արդեն 2015-ին միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բացվել է Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոն, որը ղեկավարում եմ ինքս: Սակայն միջազգային հարաբերությունների ֆակուլտետում չինարենը որպես երկրորդ լեզու դասավանդել սկսել ենք դեռ 2014-ից: Ուսանողներն անցնում են 3 տարի՝ 1-3-րդ կուրսերում»,-պատմեց Իսրայելյանը:

Ֆակուլտետի ուսանողներն առաջին կուրսում անցնում են չինարեն, երկրորդ ու երրորդ կուրսերից սովորում են մասնագիտական հաղորդակցման հիմունքներ, խոսքի մշակույթ: Ուսանողները չեն բավարարվում միայն լեզուն սերտելով, սովորում են, թե ինչպես ճիշտ կազմել դիվանագիտական նոտա, յուրացնում դիվանագիտական, քաղաքական բառապաշար: Իսրայելյանը նշեց՝ նրանց պատրաստում են որպես ապագա դիվանագետներ: Չորրորդ կուրսում արդեն ուսանողներն անցնում են նաև երկրագիտություն, որը պատմում է Չինաստանի կառավարման համակարգի, արտաքին և ներքին քաղաքականության, աշխարհում Չինաստանի դերի, տնտեսության և այլնի մասին: Սակայն չինագիտությունը զարգացնել փորձող մայր բուհը չի բավարարվել միայն մեկ կենտրոնով. արդեն 2018-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ բացվել է Չինագիտության կենտրոնը: Կենտրոնի դեռ կարճ գործունեության ընթացքում, արդեն հասցրել են անցկացնել 3 գիտաժողով։ Չինագիտության կենտրոնում տեղի են ունենում հետաքրքիր քննարկումներ, հայ և չինացի դասախոսների փոխայցեր: Փոխադարձ այցով դեկտեմբերի 10-13-ը Պեկինում են եղել նաև հայ դասախոսները:Եվ որ ամենակարևորն է՝ ԵՊՀ ուսանողներին չինարեն դասավանդում է հենց լեզվակիր դասախոս։ Բուհը Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ ունի համագործակցության պայմանագիր, որի շրջանակում ամեն 2 տարին մեկ չինացի մեկ դասախոս են ուղարկում բուհ: Իսրայելյանը նշեց՝ 2015-ից ի վեր ունեցել են բազմաթիվ ձեռքբերումներ ու հաղթանակներ: Ուսանողներն այնքան են հմտացել լեզվի իմացության հարցում, որ արդեն կարողանում են մասնակցել ասմունքի միջազգային մրցույթի: «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի շրջանակում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից մեկը, հաղթահարելով հայաստանյան փուլը, Չինաստանում եզրափակիչ փուլում արժանացել է 2-րդ պատվավոր տեղին:«Առաջին անգամ անցյալ տարի դրամաշնորհային միջոցների հաշվին ԵՊՀ մշակույթի կենտրոնում մենք անցկացրինք նաև ֆիլմերի հնչյունավորման մրցույթ: Նման ձևաչափով մրցույթ Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունենում: Ֆիլմը կամ մուլտֆիլմը ցուցադրվում էր համր, և ուսանողները, նայելով էկրանին, չինարենով հնչյունավորում էին ֆիլմը»,-ասաց Իսրայելյանն ու հավելեց՝ ԵՊՀ միջազգայի հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները կրկին արժանացել են երկրորդ հորիզոնականին:ԵՊՀ-ում գործում են նաև չինարենի՝ երեկոյան վճարովի դասընթացներ ցանկացողների համար: Դասընթացների արդյունքում մասնակիցները ստանում են գիտելիքի այն բազան, որով կարող են քննություն հանձնել ու հետագայում դիմել չինական բուհեր սովորելու: Ներկայում ԵՊՀ-ում չինարենի երեկոյան դասընթացներ է անցնում 20 մասնակից: Երեկոյան դասընթացները վարում է արդեն ֆակուլտետի շրջանավարտ Օֆելյա Զաքարյանը, որը երկու անգամ կարճաժամկետ պրակտիկա է անցել Չինաստանում: Օֆելյան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ է ընդունվել չինարենից զրոյական գիտելիքներով, առաջին կուրսից իր ընտրությամբ սկսել է անցնել չինարեն, 4 տարիների ընթացքում կարողացել է լեզուն այնքան յուրացնել, որ հիմա արդեն ազատ հաղորդակցվում է, Չինաստանում ունի ընկերներ, որոնց հետ մշտական կապի մեջ է: Նա խոստովանում է՝ թեև սկզբում դժվար է թվացել չինարեն սովորելը, սակայն լեզվակիր դասախոսից յուրացնելը շատ հեշտ է եղել: Օֆելյան հասկացել է, որ լեզուն շատ հետաքրքիր ու հեռանկարային է, նշում է՝ անգամ հիերոգլիֆներն արտացոլում են Չինաստանի մշակույթը, պատմությունը: «Ուսանողների առաջադիմությունն ու լեզվի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է: Դիմորդները շատ են, ժամանակի ընթացքում նրանց քանակն ու հետաքրքրությունն ավելացել են»,-ասաց նա:

Օֆելյան չինարենի նկատմամբ հետաքրքրության նման բարձր մակարդակը կապում է նաև նրա հետ, որ Հայաստանում չինական խոհանոցի սիրահարները շատացել են, բացի այդ Հայաստան-Չինաստան հարաբերություններն էլ ավելի մեծ ու նոր հեռանկար են ստացել: Դասընթացները չեն սահմանափակվում միայն լեզվի ուսուցմամբ, զուգահեռ կազմակերպում են նաև մշակութային միջոցառումներ՝ չինացի մասնագետի կողմից անցկացված կալիգրաֆիայի դաս, չինական խոհանոցին նվիրված դաս: Իրականցվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց շրջանակում հնարավորություն է տրվել մասնակիցներին ծանոթանալ չինական մշակույթին, պատմությանը: Օֆելյան նկատել է՝ դասընթացին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից, կան մարդիկ, նաև շրջանավարտներ, ովքեր արդեն աշխատում են: ԵՊՀ-ում, սակայն, մտադրություն ունեն հաջորդ ուսումնական տարում կյանքի կոչել չինագիտություն մասնագիտության մագիստրատուրան: Իսրայելյանը նշեց՝ մագիստրոսական ծրագիրը հնարավոր է լինի միջֆակուլտետային կամ մեկ ֆակուլտետում: «Արևելագիտության ֆակուլտետում ունենք մասնագետներ, որոնք զբաղվում են Իրանով, Թուրքիայով, չինացի մեր գործընկերների համար շատ հետաքրքիր կլինի իրենց մոտ հրավիրել հայ մասնագետների, որոնք կանցկացնեն դասախոսություններ՝ օրինակ Իրան-Չինաստան հարաբերությունների թեմայով: Այսինքն՝ իրանագետը մագիստրատուրայում կզբաղվի նաև Չինաստանով»,-ասաց Իսրայելյանն ու նշեց՝ բազմաթիվ են հրավերները՝ Չինաստան ուղարկելու Հարավային Կովկասով զբաղվող հայ մասնագետների, որոնք որոշակի պատկերացում ունեն նաև Չինաստանի մասին: Խոսելով բուհում չինագիտության զարգացման նպատակի մասին՝ Իսրայելյանը նշեց՝ երկու ժողովուրդներն ունեն նմանություններ, բացի այդ նաև չինացիները տարածաշրջանում Հայաստանին համարում են հուսալի գործընկեր: «Մեր ներգրավվածությունն, իհարկե, կա «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ, սակայն ես կցանկանայի, որ դա ավելի ակտիվ լիներ»,-ասաց նա:Բուհի ուսանողները հնարավորություն ունեն նաև ամառային դպրոցի շրջանակներում 15 օր անցկացնել Չինաստանում: Արդեն նախապատրաստվում է ուսանողների երրորդ այցը: ԵՊՀ-ից արդեն երկու ուսանող Չինաստանում սովորում է մագիստրատուրա՝ միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն մասնագիտությամբ:ԵՊՀ-ն դեռ 2017-ից պայմանագրեր ունի նաև Չինաստանի բուհերի հետ: Առաջին պայմանագիրը կնքվել է Շանհայի մանկավարժական համալսարանի հետ, երկրորդը՝ Դալյանի օտար լեզուների համալսարանի: Իսրայելյանը շեշտեց նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատան հետ բարեկամական կապը: Դեսպան Թիան Էրլունը հենց կենտրոնի բացման առաջին օրվանից թե ղեկավարության հետ հանդիպումներում, թե ֆակուլտետում հանդիպումներում իր աջակցությունն է հայտնում: «Մեզ օգնել են նաև կենտրոնի կահավորման աշխատանքների հետ կապված, նվիրել են էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, տրամադրում են մասնագիտական գրադարան: Ամեն տարի Կոնֆուցիոսի ինստիտուտի միջոցով մեզ գրքեր են ուղարկում, բազան մշտապես թարմացվում է: Գրականությունն ամբողջը չինարեն ու ռուսերեն է: Երկրագիտություն առարկայի գրականության խնդիր ընդհանրապես չունենք, հասանելի են բոլոր նյութերը»,-եզրափակեց Իսրայելյանը:

Աննա Գրիգորյան

Զրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի՝ հունվարի 17-ի համարների «Չինաստանը հայերի աչքերով» խորագրով հատուկ ներդիրներում՝ հայերեն և ռուսերեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am