Հայկ  Մարությանն  ընդունել  է  Հայաստանի  Հանրապետությունում  Եվրոպական  Միության դեսպանին

Armenpress 21:23, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: 

Հայկ Մարությանը շնորհավորել է հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ԵՄ պատվիրակության ղեկավարի գրասենյակի հետ քաղաքային իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել համագործակցության շրջանակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Եվրամիության ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ Երևանում իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, թափոնների կառավարման, հանրային տրանսպորտի, հատկապես՝ մետրոպոլիտենի արդիականացման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում:

Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցության սահմանները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am