«Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան

Armenpress 20:37, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 18:39-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատկանող կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ . տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պայթյունից վնասվել են մեկ դուռ և պատուհանի մոտ 6 քմ հատված, այրվել՝ երկու աթոռ, տանիքի փայտյա կառուցատարրեր (մոտ 0.5 քմ ), 0.6 մ ռետինե խողովակ և ձմեռային հագուստ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am